ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ՄԱՍ․
21 նոյեմբերի 2023թ-ին Արտակ Մարտինի Թովմասյանի կողմից ներկայացվել է դիմում այն մասին, որ դեռևս 2017թ-ի մարտի 28-ից MERCEDES-BENZ E 320 մակնիշի 34 NN 845 պ/հ ավտոմեքենան փաստացի չի շահագործվում՝ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարի պատճառով, խնդրել է վարչական վարույթը վերսկսել և վերանայել համայնքի ղեկավարի 2023 թվականի հուլիսի 24-ի N 3190-Ա որոշումը։ Վերջինիս կողմից որպես ապացույց դիմումին կից ներկայացվել է նաև ձայնասկավառակ, որում առկա է տեղի ունեցած ավտովթարի տեսաձայնագրությունը, ինչպես նաև ներկայացվել է Մոսկվայի մարզի Բալաշիխայի քաղաքային դատարանի կողմից կայացված դատավճիռը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ․
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի՝ վարչական մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն (այսուհետ` փոխօգնություն) տրամադրել միմյանց` իրենց լիազորություններն իրականացնելու համար:
Փոխօգնությունը տրամադրվում է փոխօգնություն հայցող վարչական մարմնի հայտի հիման վրա:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի՝ վարչական մարմինը վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա պարտավոր է որոշում ընդունել բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը փոփոխելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ, եթե առկա են նոր ապացույցներ, որոնք կարող են հանգեցնել վարույթը վերսկսելու հարցով դիմած անձի համար ավելի բարենպաստ որոշում ընդունելուն։
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ․
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 15-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ․
1․ Վերսկսել Արտակ Մարտինի Թովմասյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը։
2․ Փոխօգնություն տրամադրելու համար դիմել ՀՀ ՆԳՆՈ ճանապարհային ոստիկանություն։
3․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան։ Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: