Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 17․04․2025 /մուտք՝ Ա-5096/ թվականին կազմված զեկուցագիրը՝ պարզվել է․
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Հրաչիկ Վազգենի Մանուկյանը /հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գ․Վերին Արտաշատ, Պ․ Սևակի փողոց տ․ 18/ Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի Ս․Կապուտիկյան 19 հասցեի հատվածում թույլ է տվել արարք, որը բնորոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, ինչի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված թիվ 3012 արձանագրության և 17․04․2025թ-ին /մուտք՝ թիվ Ա-5096/ ներկայացված զեկուցագրի հիման վրա 2025 թվականի ապրիլի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 05․05․2025թ․-ի, ժամը 12։00-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով լսմանը ներկայացել է Հրաչիկ Վազգենի Մանուկյանի լիազոր ներկայացուցիչ Հակոբ Հրաչիկի Մանուկյանը: Լսման ժամանակ Հ․Մանուկյանի լ/ն Հակոբ Մանուկյանը հրաժարվեց Հրաչիկ Մանուկյանի կողմից կատարված իրավախախտումն ընդունելուց և ներկայացրել է գրավոր դիմում՝ վարչական վարույթի նյութերին ծանոթանալու նպատակով։ 14․04․2025թ․-ի թիվ Ե-2442 գրությամբ Հ․Մանուկյանի լ/ն Հակոբ Մանուկյանին է տրամադրվել իր կողմից պահանջված վարչական վարույթի նյութերի կրկնօրինակները։ Վերջինիս կողմից այլ միջնորդություններ և դիմումներ չեն ներկայացվել։
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Հրաչիկ Մանուկյանի կողմից Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի Ս․Կապուտիկյան 19 հասցեի հատվածում, անշարժ գույքը /շենք-շինություններ/ հարակից համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողմասի մի հատվածը ապօրինի զավթվել և օգտագործվում է որպես ավտոկայանատեղի, այսինքն թույլ է տրվել արարք, որը հակասում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված հատկանիշներին, համաձայն որի՝ գյուղական համայնքներում պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձայն՝
1. Համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում`
1) հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.
2) հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ.
3) հողօգտագործման սահմանների և սահմանանիշերի պահպանման նկատմամբ.
4) հողերի պահպանմանն ուղղված միջոցառումների նկատմամբ.
5) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման նկատմամբ:
2. Համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Սույն վարչական վարույթի շրջանակներում այդպիսի հանգամանքներ չեն հայտնաբերվել։
3․ Եզրափակիչ մաս․
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ և 32-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․
1. Հրաչիկ Վազգենի Մանուկյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 100․000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
2․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։
3․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան։ Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։
4․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։