Ուսումնասիրելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից 28․02․2025 թվականին կազմված թիվ 39 արձանագրությունը՝ պարզվել է․
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Սարգիս Շուբերտի Կարապետյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ Արարատի մարզ,գ․ Բերքանուշ, տուն 31) կողմից Բերքանուշ բնակավայրում գործող Տիտան առևտրի կենտրոնի դիմաց թույլ է տրվել արարք, որը բնորոշվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, ինչի կապակցությամբ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից 28․02․2025 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ զեկուցագրի հիման վրա 2025 թվականի մարտի 17-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 04․04․2025թ-ին, ժամը՝ 11։00-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցված Սարգիս Կարապետյանը ներկայացավ լսմանը և ընդունեց իր կողմից կատարված իրավախախտումը։ Վերջինս վարչական գործի վերաբերյալ այլ դիմումներ և միջնորդություններ չի նեկայացրել։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Սարգիս Կարապետյանը Բերքանուշ բնակավայրում գործող Տիտան առևտրի կենտրոնի դիմաց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով՝ ոչ սահմանված վայրում, առևտուր է իրականացրել։
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի`համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ»։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են`առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
3․ Եզրափակիչ մաս․
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29․1-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ․
1.Սարգիս Շուբերտի Կարապետյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու համար՝ 100․000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ գումար։
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան։ Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: